Սովորականն ամենաանսովորն է...
Գարնանը գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև:
-Ես ամենա-ամենան եմ,- ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է: Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված լինել, նույնիսկ ամենից շատ… Նրա առջև անտառն էր, հետո դաշտը, հետո էլի անտառ և էլի դաշտ և էլի լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ այն մեծ աշխարհում, որում այդքան ուրախ թռվռում էր գետակը… Իսկ որպեսզի ճանապարհին գետակը դիմանա և կարողանա հասնել կապույտ հիասքանչ լճին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժի տեսքով ներքև թափվի, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը…
-Ոչ,- սակայն մտածեց Գետակը,- ես ամենաանկրկնելին եմ: Եվ թեքվեց դեպի Մեծ գետը ու անմիջապես խառնվեց նրան ու նրա հետ միասին լողաց դեպի Ծո՜վը… Իսկ Մեծ ու մեծահոգի գետը ընդունեց նրան ու անգամ չնկատեց էլ… Գետը իր հետ տարավ նավեր, լույս տվեց մարդկանց ու էլի լիքը-լիքը հոգսեր հոգաց…Այդպես անցան գարունը, ամառը ու վրա հասավ սեպտեմբերը և Մեծ գետը հասավ Ծովին: Այդ պահին գետակը մի կողմ ցատկեց ու զրնգաց.
-Ես ամենաանկրկնելին եմ, ես հասա Ծովի՜ն: Բայց հանկարծ տեսավ, որ Մեծ գետի մեջ իր պես տասնյակ անկրկնելիներ էին թաքնվել… Իսկ բոլոր պարգևներն ու պատիվները Մեծ գետին բաժին հասան, որը սովորական ու օգտակար գործեր էր անում Երկրի համար…Սովորական… Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…